ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա ուրբաթ օրը կայանալիք հանդիպումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ճանապարհը բաց է մնում։ Այսպիսի կարծիք է նա հայտնել չորեքշաբթի օրը ամերիկյան Voice of America ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն փաստը, որ մենք [Լավրովի հետ] հանդիպում ենք Ժնևում, այն փաստը, որ մենք քննարկելու ենք վերջին 10 օրվա ընթացքում տեղի ունեցած խորհրդակցություններն ու փոխանակումները, ցույց է տալիս նաև, որ դիվանագիտությունը մնում է բաց հնարավորություն, որը մենք մտադիր ենք իրականցնել այնքան ժամանակ, որքան կարող ենք»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «մտադիր է դիվանագիտական ճանապարհով անել հնարավոր ամեն ինչ»։ «Սա [դիվանագիտությունը] շատ ավելի լավ և պատասխանատու միջոց է այս խնդիրների լուծման համար»,- ասել է պետքարտուղարը։