Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է NEWS.am-ը։
Լրագրողները փորձեցին Անվտանգության խորհրդի քարտուղարից հայտնի հայտարարության հաստատում ստանալ, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ի պատասխան, խուսափելով մեջբերումը կրկնելուց, Գրիգորյանը հայտարարեց, որ երեկ խորհրդարանում կառավարության ժամին այս մասին շատ է խոսվել։
Ի պատասխան հիշեցման, որ Բաքուն պահանջում է ճանաչել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը սկսեց նախատել լրագրողներին Ադրբեջանի դիրքորոշումը կրկնելու համար։ «Ես ձեզ ասում եմ՝ Հայաստանի մոտեցումներն այսպիսին են, իսկ դուք...»։ «Որո՞նք»,- փորձեցին պարզել լրագրողները։ «Ասացի»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Չեք ձեւակերպել»,- հակադարձեցին չորրորդ իշխանության ներկայացուցիչները։ «Ձեւակերպված է: Պետք է ուշադիր լինել»,- սկսեց նյարդայնանալ Գրիգորյանը։ «Կարող ենք ձեզ խնդրել կրկնել: Մեկ նախադասությամբ»,- շարունակեցին լրագրողները։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որեւէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»,- ընդգծեց Գրիգորյանը։