ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին եվրոպացի քաղաքական գործիչը հայտնել Twitter-ի իր էջում։
Ինչպես նշել է Կլաարը` նրա հետ միասին տարածաշրջան կայցելեն նաև այլ եվրոպացի, մասնավորապես՝ ֆրանսիացի դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն:
«Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին սպասվող բովանդակալից հանդիպումներին»,-նշել է Կլաարը:
Ավելի վաղ, մեկնաբանելով սահմանին լարվածության հերթական ալիքը, հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերը հետ քաշելու համար»:
Նա նաև ընդգծել Էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ լրացուցիչ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում: