Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «Ռոսատոմի» մամուլի ծառայությանը։
Մասնավորապես, Դուբայում` «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում, «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։
Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։
Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի: