Արևմտյան առաջնորդներն ու լրատվամիջոցները թյուր տպավորություն են ստեղծում, որ վաղը Ուկրաինայում պատերազմ է սկսվելու, ինչն ապակայունացնում է տնտեսությունը և դրա կայունացման համար անհրաժեշտ է դարձնում ծախսել առնվազն 4-5 միլիարդ դոլար։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ազդանշաններ են եկել անգամ հարգված պետությունների ղեկավարներից, ովքեր արդեն բացահայտ ոչ դիվանագիտական լեզվով ասում են, որ վաղը մեզ մոտ պատերազմ է սպասվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիտվայում լրատվամիջոցները տպավորություն են ստեղծել, թե մեզ մոտ պատերազմ է, ճանապարհներով զորքեր են անցնում, մեզ մոտ մոբիլիզացիա է: Բայց դա այդպես չէ: Մեզ այդպիսի խուճապ պետք չէ»,- ասել է Զելենսկին:
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի շուրջ ստեղծված խուճապի պատճառով Ուկրաինայից դուրս է բերվել 12,5 միլիարդ դոլար.«Մեր պետությունը չի կարող ինքնուրույն դիմակայել նման մարտահրավերներին։ Պետական պահուստներից մենք կայունացնում ենք մեր ազգային արժույթը, ուստի այն շատ թանկ է նստում Ուկրաինայի վրա»,- ասել է Զելենսկին։ «Կարծում եմ, որ մենք ավելի քան 4-5 միլիարդ դոլար կծախսենք մեր տնտեսությունը կայունացնելու համար, ավելի փոքր ցուցանիշ չեմ ակնկալում, քանի որ մեզ իսկապես այդչափ գումար է պետք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն կտրամադրի Կիևին, իսկ ԱՄՀ-ն կարագացնի վարկային տրանշների հատկացումը։