Արցախի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Արցախի սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը: Նաև որոշում կայացվեց այն ուղարկել Արցախի գերագույն դատարանին՝ նրա սահմանադրականության հարցը որոշելու համար, փոխանցում է News.am-ը:
Նշենք, որ այս փոփոխությամբ Արցախի վարչատարածքային բաժանման վերանայման ժամկետը 5 տարուց դարձավ 10 տարի:
ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը հարց տվեց, թե ինչ են նախատեսում այս 5 տարում, որ նախապատրաստվեն վարչատարածքային բաժանմանը: Ի պատասխան Արցախի նախագահի ներկայացուցիչ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասաց. «Համապատասխան քաղաքական որոշման դեպքում, այդ թվում քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելով, համապատասխան հայեցակարգ կմշակվի: Մինչև պատերազմը խոշորացման էինք գնում, սակայն պատերազմի հետևանքները հաշվի առնելով քաղաքական ուժերն առաջարկեցին, որ այդ ճանապարհով չգնանք: Առաջիկայում որոշ նախաձեռնություններ կլինեն միջհամայնքային միավորումների հետ կապված, որը խոշորացում չէ»:
Նշենք, որ Արցախի ԱԺ այս նիստերի օրակարգում ներառված են նաև հետևյալ հարցերը.
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրակարգում ներառված են նաև հարցեր ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորների հայտարարություններ։