Մենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին, հաղորդում է Aysor.am-ը։
Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե հրապարակային կամ ոչ հրապարակային արձագանք, այնուամենայնիվ, եղե՞լ է Հայաստանի կողմից այս հռչակագրին, թե՞ ոչ։
«Ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին», - եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։