Ֆրանսիա այցի շրջանակում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման համար։
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի և Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։