Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ձեռնպահ քվեարկեցին Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագիրը դատարապրտող ԱԺ հայտարարության նախագծին, որի հիման վրա հրավիրվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Պարզաբանումը հետևյալն էր՝ ԱԳՆ-ն արդեն քննադատել է Շուշիի հռչակագիրը, կարիք չկա նոր հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Ավելի դատարկ փաստարկ դժվար էր պատկերացնել:
ԱԳՆ-ն քննադատել է Շուշիի հռչակագիրը, երբ այն դեռ հռչակագրի կարգավիճակ ուներ, այսինքն՝ դեկլարատիվ փաստաթուղթ էր, իրավական ուժ չունեցող: Իսկ մի քանի օր առաջ հռչակագիրը վավերացվեց Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից՝ մաս դառնալով ազգային օրենսդրության: Արդյո՞ք հասկանալի չէ տարբերությունը: Եվ արդյո՞ք ակնհայտ չէ, որ հենց խորհրդարանը պետք է արձագանքեր հակահայկական այս քայլին:
Եվ երկրորդը, նույն ԱԳՆ հայտարարության մեջ, որի վրա հղվում է իշխող ուժը, նշվում է. «Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են»: Հունիսին արված այս հայտարարությունից հետո Հայաստանը սկսել է մասնակցել Թուրքիայի նախաձեռնած «3+3 ձևաչափին», մեկնարկ է տրվել Հայաստանի և Թուրքիայի բանագնացների երկխոսությանը և այլն:
Այս ամենից հետո կրկին ԱԳՆ հայտարարությանը հղվելն ու այն առկա իրավիճակին բավարար արձագանք համարելը նվազագույնը հասկանալի չէ:
Շատ ավելի տրամաբանական ու գոնե ազնիվ կլիներ, որ ՔՊ-ն հայտարարեր, որ իրենց թուրք ու ադրբեջանցի գործընկերներին չեն ուզում նեղացնել, կամ վախենում են քննադատել նրանց ակնհայտ հակահայկական քայլերը: Չէ՞ որ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է կառուցում, մինչ Ադրբեջանն ու Թուրքիան ամրագրում են Հայաստանի նկատմամբ իրենց տարածքային պահանջները, Ցեղասպանության մերժումն ու հիմքեր ստեղծում Հայաստանի դեմ նոր պատերազմի պարագայում Թուրքիայի լիարժեք, լեգալ մասնակցության համար: