ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել է Սյունիքի մարզում՝ Փայլասարում և Քաչալսարում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու մասին լուրը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը նշել է, որ նման տեղեկատվություն հայտնելու կարիք եթե լինի, ապա կհայտնվի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրություններում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նշենք, որ օրերս Կապան խոշորացված համայնքի ղեկավարը հայտնել էր այդ մասին ու ընդգծել, որ առնվազն 20 օր թշնամու զորք չի տեղակայվել այդ հատվածում։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ զինված ուժերը կրկին չեն տեղակայվում իրենց դիրքերում, նա շեշտեց. «Ցանկալի չէ զինված ուժերի տեղաշարժերի, դիրքերի վերաբերյալ նման բաց հանրային քննարկումներ ծավալել։ Խնդրում եմ քիչ խոսել մեր զինված ուժերի և անվտանգային խնդիրների մասին»,– նշել է Արման Սարգսյանը։
Նա միայն ասել է, որ ի ուրախություն Հայաստանի, չնայած ադրբեջանական կողմն անընդհատ տարածում է տեղեկություն, թե հայկական կողմը սադրանքի է դիմում, սակայն սահմանին հարաբերական անդորր է։