Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ դրանից կտուժի Վրաստանի բնակչությունը, կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»։
«Երբ խոսքը պատժամիջոցների կիրառման մասին է… Ի՞նչ են ինձանից խնդրում: Որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառե՞մ։ Իսկ ո՞վ կտուժի դրանից։ Մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել և այլն»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային շահերին, մեր ժողովրդի շահերին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Ընդ որում, նա հավելել է, որ բոլոր միջազգային ձևաչափերի շրջանակներում Վրաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Վրաստանը կողմ է հանդես եկել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կասեցնելու մասին Եվրախորհրդի որոշմանը, ինչպես նաև աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին։
Նշենք, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին մասնակիորեն միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Վրաց ժողովրդի անունից դուք պետք է միանաք օդային տարածքի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան։ Նա նաև պահանջել է արգելել ռուսական ԶԼՄ-ների հեռարձակումը երկրում։