ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ և արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել:
«Դա ամուր հիմք է ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:
Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժևորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը:
«Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, և մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:
Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման և սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարևորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի և Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը:
Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարևորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը:
Ստեֆան Դիոնն իր հերթին կարևորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը: