Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս օրերին երկու կարդինալներ գնացին այնտեղ՝ օգնելու բնակչությանը: Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Պապի, այլև ողջ ժողովրդի ներկայության նշան է. քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, պետք է դադարեցնել այն»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան «հումանիտար օգնության կարիքն ավելի ու ավելի է զգում»։ Նա կոչ է արել ստեղծել մարդասիրական միջանցքներ՝ բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Նա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել երկխոսություն, ցուցաբերել ողջամտություն, ինչպես նաև հարգել միջազգային իրավունքը: