Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաև՝ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Տիկին Փիթրս Յահիան իր հերթին ևս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև՝ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար: