Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի Խորհրդարան (Ժողովրդական Ժողով) և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրահրելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:
Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին: