Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին, ասել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շատ կարևոր հարց է, որը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ռուբլով փոխադարձ հաշվարկները։ Այսինքն՝ այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաժանվում են որոշակի համամասնություններով՝ ամրագրված միութենական պայմանագրով, համապատասխանաբար, մտնում են համապատասխան երկրների բյուջեներ։ Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթի կիրառմամբ։ Ներկա դրությամբ մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթով հաշվարկներին»,- նշել է Ռեշետնիկովը։