Մարտի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից:
Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է հյուրին նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ գործունեությունը: Կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին` մասնավորապես միտված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը: Քննարկվել են նաև կառույցի մարդասիրական աջակցության ծրագրերը:
Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը: Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նմանատիպ ծրագրերի իրագործմանը: