ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը
ԵՄ առաջնորդներն այս շաբաթ կայանալիք գագաթաժողովում կպայմանավորվեն գազի, հեղուկ բնական գազի և ջրածնի համատեղ գնումների շուրջ մինչև հաջորդ ձմեռ, ասվում է նրանց հայտարարության նախագծում։
«Հաջորդ ձմռան նախաշեմին անդամ երկրները և Եվրահանձնաժողովը հրատապ… կաշխատեն համատեղ գազի, ՀԲԳ-ի և ջրածնի գնման ուղղությամբ»,- ասել են ԵՄ առաջնորդները մարտի 24-25-ի գագաթնաժողովից հետո, ասվում է գագաթնաժողովի հայտարարության նախագծում, փոխանցում է Reuters-ը:
Անցյալ տարի Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին գազի ռազմավարական պաշարների համատեղ գնումների համակարգ առաջարկեց՝ որպես մատակարարման հնարավոր խափանումների դեպքում բուֆերի ապահովման միջոց։ Ուկրաինական ճգնաժամի սրումից հետո մատակարարումների խափանումների մտավախությունն ուժեղացել է: Ռուսաստանը մատակարարում է ԵՄ գազի 40 տոկոսը:
Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ կառաջարկի կանոնները, որոնցով երկրներից պահանջվում է յուրաքանչյուր տարի ձմռանն ընդառաջ 90 տոկոսով լցնել գազի պահեստարանները: ԵՄ-ում պահեստարաններն այժմ լցված են 26 տոկոսով: Հայտարարության նախագծում ասվում է, որ երկրները պայմանավորվել են համակարգել միջոցները պահեստարանները լցնելու համար և «որքան հնարավոր է շուտ» սկսել անել դա:
Առաջնորդները նաև կքննարկեն սպառողներին էներգիայի թանկացումներից պաշտպանելու նոր միջոցները և այն, թե ինչպես կարելի է «օպտիմալացնել» էներգետիկ շուկաների գործունեությունը: Նրանք կխնդրեն ԵՀ-ին «անհրաժեշտ նախաձեռնություններ» ձեռնարկել դրա համար, ասվում է հայտարարության նախագծում։