Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդություն է ստացել երկրի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով նախաձեռնող խումբ գրանցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի ԿԸՀ քարտուղար Քրիստինա Ավլոխովան։
«Մենք հարցում ենք ստացել՝ գրանցելու նախաձեռնող խումբ՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար»,- ասել է նա։
ԿԸՀ-ն հստակեցրել է, որ նախաձեռնող խմբում ընդգրկված է մոտ 10 մարդ, այդ թվում՝ երկրի նախագահ Անատոլի Բիբիլովը, նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի խոսնակ Ալան Տադտաևը և հանրապետության այլ հասարակական և քաղաքական գործիչներ։
Բիբիլովի խոսքով, նախաձեռնող խումբը մեկ ամսվա ընթացքում պետք է հավաքի 2000 ստորագրություն։ Նա նաև հիշեցրել է, որ հանրապետությունը կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ որպես սուբյեկտ, որից հետո՝ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել Հարավային Օսիայի և Հյուսիսային Օսիայի միավորման վերաբերյալ։