Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրների միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը:
«ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ անդրադառնալով հատկապես տրանսպորտային ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով անցած տարի Հայաստան կատարած իր այցին՝ Խեյրոլլահ Խադեմին ասել է.«Իրանը ձգտում է ընդլայնել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ: Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-Հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը»: