ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկայի և Ֆրանսիայի համանախագահները ռուսական կողմին ազդակներ չեն ուղարկել Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղության հասնելու համար այս մեխանիզմի աշխատանքը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հինգշաբթի օրը տարածված մեկնաբանությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նման ազդանշաններ չենք ստացել։ Չենք էլ ակնկալում»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նրա խոսքով, դրանից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն մեծացրել են իրենց դիվանագիտական գործունեությունը այս ուղղությամբ։
«Նման զուգադիպությունները պատահական չեն։Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝ յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Մոսկվան հավատարիմ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերին։
«Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,- հավելել է Զախարովան: