ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները, տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Անառարկելի իրողությունների նկատմամբ ժխտողական քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է արդեն մեկ դարից ավելի, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար։
Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները։
Ցավալիորեն էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ցեղասպանական քաղաքականության վտանգներն ի չիք չեն դարձել մեր ժողովրդի համար։ Սրա ցավալի ու ամենաթարմ ապացույցները 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրված հանցագործություններն են՝ ուղղված էթնիկ հայերի դեմ։ Էթնիկ ու կրոնական հիմքով ատելության քարոզն ու դրանով մոտիվացված հանցավոր գործողություններն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով այժմ էլ իրականացվում են արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարյա մշակույթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականության հետքը, անհնարին դարձնել իրենց բնօրրանում ապրող հայերի կյանքը։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում, որ հանցագործության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները»։