ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․
«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը:
Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։
«Հանցանքների հանցանքը» - Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։