Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։ Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։
Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։
Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն»։