ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս առնչությամբ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, դեռևս մեկ շաբաթ առաջ ես հեռախոսազրույցներ ունեցա [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի, ինչպես նաև այս երկրների արտգործնախարարների հետ՝ փորձելով օգնել խթանելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,– ասել է Բլինկենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցներ»։