Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը Ղազախստանի Ժողովրդական ասամբլեայի նստաշրջանում առաջարկել է հանրաքվե անցկացնել երկրի սահմանադրության փոփոխության հարցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ ժողովրդի քվեարկության միջոցով Սահմանադրության փոփոխությունը կլինի ժողովրդի կամքի հստակ դրսեւորում»,- ասել է Տոկաեւը։
Նա նշել է, որ «հանրաքվեն թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացուն անմիջական մասնակցություն ունենալ երկրի ճակատագրի որոշմանը և կամրապնդի ուղին դեպի համապարփակ ժողովրդավարացում և նոր Ղազախստան կառուցելու»։
Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ հանրաքվեն ամենակարեւոր ժողովրդավարական ինստիտուտն է, սակայն Ղազախստանում այն վերջին անգամ անցկացվել է 1995 թվականին, երբ հաստատվեց գործող սահմանադրությունը։
«Իմ կողմից նախաձեռնվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք հիմնարար են և արմատապես փոխում են երկրի քաղաքական համակարգը։ Մենք անցնում ենք նոր պետական մոդելի, պետության և հասարակության փոխգործակցության նոր ձևաչափի։ Այս որակական անցումը կարելի է անվանել երկրորդ հանրապետություն»,- պարզաբանել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով, աշխատանքային խումբը փոփոխություններ է պատրաստել հիմնական օրենքի 33 հոդվածներում, որը կազմում է ամբողջ սահմանադրության մեկ երրորդը։ Այս փոփոխությունները կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Սահմանադրական խորհրդին, որն առաջիկայում կհրապարակի իր վճիռը։