ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Նա այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում, փոխանցում է Armenia Today-ը:
Բլինքենը նաև երախտագիտություն է հայտնել «հեռատեսության, խիզախության և ճկունության» համար, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ «ձգտելով կայուն խաղաղության»։
«Բազմաթիվ առումներով դժվար ժամանակներ են, և դրանք դժվար են Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և հավատարիմ ընկեր ԱՄՆ-ում», - ասել է նա:
Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Միացյալ Նահանգների կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը միջազգային հանրության մանդատ ունի՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Մենք նաև գնահատում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը, որը դրսևորվում է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ես նաև գնահատում եմ ԱՄՆ–ի վճռական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում»,- ասել է Միրզոյանը:
Նա նաեւ հայտարարել է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կողմերը համատեղ Վաշինգտոնի եւ Երեւանի համագործակցության մակարդակը բարձրացրել են ռազմավարական երկխոսության մակարդակի։