Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու Ուկրաինայում կարգավորման հարցը, գրում է panorama.am-ը:
«Պատերազմի մեկնարկից 20 օր անց ես խնդրեցի կարդինալ Պիետրո Պարոլինին հաղորդագրություն ուղարկել Պուտինին և հայտնել, որ ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա»,- այդ մասին Corriere della Sera թերթին ասել է պոնտիֆիկոսը:
«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և ներկա պահին չի անցկացնի այս հանդիպումը»,-հավելել է նա։
Ֆրանցիսկոսն ասել է, որ «առայժմ Կիև չի գնա»։ «Ես ուղարկել եմ կարդինալներ Միքայել Չեռնիին և Կոնրադ Կրայևսկուն, որոնք այնտեղ են գնացել չորրորդ անգամ: Բայց ես զգում եմ, որ պետք չէ գնալ: Նախ պետք է գնամ Մոսկվա և հանդիպեմ Պուտինի հետ»,-ասել է Վատիկանի ղեկավարը:
Նա հավելել է, որ իր հանդիպումը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պետք է կայանար հունիսի 14-ին Երուսաղեմում։ Ինչպես ավելի վաղ ասել էր պոնտիֆիկոսը՝ Վատիկանի դիվանագիտական առաքելությունը հասկացել էր, որ «այս պահին հանդիպումը կարող է մեծ շփոթության հանգեցնել»: Նա իր հարաբերությունները Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ «շատ լավ» է որակել։