Հայաստանում դրամը շարունակվում է կայունանալ: Հայկական փողի թանկացման վրա ազդող գործոններին փորձենք անդրադառնալ հակիրճ: Դրանք մի քանիսն են: Նախ, օտարերկրացիների մեծ հոսքերը: Այդ թվում Հայաստան են ժամանել արտասահմանյան տեխնոլոգիական ըներությունների հետ համագործակցող մարդիկ, ովքեր ստանում են դոլարային եկամուտներ, և դրանք փոխարկում դրամի՝ այստեղ, մեզ մոտ ապրելու, գործունեություն ծավալելու նպատակով: Մյուս կողմից, Արևմուտք-ՌԴ լարվածությունը տարածաշրջանում լայն իմաստով առաջ է մղել ազգային արժույթներով գործարքների իրականացման խնդիրը: Հայաստանի պարագայում դա վերաբերում է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունում և գազի գնման գործարքներում դոլարից հրաժարմանը: Մյուս կողմից, որոշակի նպաստող հանգամանք էր տարեկան հաշվետվությունների և հարկային պարտավորությունների կատարման ժամկետների համընկումը, որն ավանդաբար տարվա այս ընթացքում կարճաժամետ կտրվածքով ամրացնում է դրամի դիրքը: Այս ամենին հավելենք ԿԲ-ի կողմից իրականացվող թանկ փողերի քաղաքականությունը: Արդյուքնում, հայկական շուկայում դոլարի առաջարկն ավելի շատ է, քան պահանջվում է, և հակառակը՝ ավելացել է դրամի պահանջարկը:
Այս պրոցեսների ներքո, հանրության շրջանում օբյեկտիվորեն առաջանում է գնանկման սպասում: Պատճառը պարզ է, հայաստանյան շուկան, որպես կանոն, շատ արագ է արձագանքում դոլարի թանկացմանը, ինչի արդյունքում թանկանում են նաև ապրանքները, փոխարենը, հակառակ գործընթացի նկատմամբ նույն միտումը չի նկատվում, կամ՝ նկատվում է շատ դանդաղ: Տարբեր իրավիճակներում դա կարող է ունենալ տարբեր պատճառներ, այդ թվում՝ հաճախ ոչ օբյեկտիվ: Իսկ ի՞նչ տեղի կունենա գների հետ, այս պահին, դոլարի արժեզրկման արդյունքում:
Գների վրա դրամի թանկացման ազդեցությունը երկակի է: Ներմուծվող ապրանքների մասով, սա դրական ազդակ է: Բայց շատ կարևոր հանգամանք է, որ դրամը տևական ժամանակ պահպանի իր կայունությունը: Օրինակ, նախկին գներով ներմուծված և պահուստավորված ապրանքների գների վրա դրամի կայունացումը չի ազդելու: Այսինքն պետք է, որ նոր խմբաքանակի դիմաց վճարման ժամանակ ևս ունենանք այս պատկերը, ավելի ցածր գներ ունենալու համար: Հասկանալի է, որ հանրային ցասման օբյեկտիվ պատճառ է, որ հակառակ դեպքում, երբ թանկանում է դոլարը, պահուստավորված ապրանքների թանկացման հարցը երբեմն րոպեների խնդիր է դառնում: Մի կողմից նշենք, որ շուկայում նման օրինաչափություն միշտ է լինում, գների նվազումը շատ ավելի դժվար դիտվող երևույթ է: Բայց հենց այդպիսի իրավիճակների համար են անբարեխիղճ տնտեսավարման դեմ պայքարի համար նախատեսված մարմինները: Թողնենք հարցը, թե որքան արդյունավետ են գործում դրանք մեզ մոտ:
Այսինքն, ևս մեկ անգամ արձանագրենք, որ ներմուծվող ապրանքների մասով գների նվազման համար պետք է, որ դրամը երկար ժամանակ կայուն մնա:
Մյուս կողմից ընդգծենք, որ տարադրամի փոխարժեքը գների վրա ազդող գործոններից մեկն է միայն: Այսինքն այսօրվա բարձր գնաճի պատճառների թվում դրամ-դոլար փոխարժեքը գործոն է, բայց բազմաթիվներից մեկն է: Եվ առանձին վերլուծության խնդիր, թե որքա՞ն է այս գործոնի ազդեցությունը մնացածների թվում: Իսկ պատճառները շատ են. համաշխարհային թանկացումները, որոնք շարունակական կլինեն՝ հաշվի առնելով պարենային ապրանքների դեֆիցիտի մասով առկա սպասումները, ինչպես նաև ներքին պատճառները: Օրինակ, թանկացող սակագների դիմաց տնտեսվարողը վճարում է հայկական դրամով, վճարում է ավելի շատ, անկախ դոլարի հետ փոխարժեքից, և սա որևէ փուլում ներառվում է ապրանքների գների մեջ նաև:
Եվ ի վերջո, չպետք է շրջացնել արտահանման՝ մեզ համար շատ կարևոր ուղղությունը, որը դոլարի էժանացման արդյունքում տուժում է: Դոլարի երկար էժան մնալու պարագայում արտահանումը կլինի ոչ շահավետ, ինչը ենթադրում է ծավալների կրճատում: Քիչ արտահանումը, իր հերթին ենթադրելու է քիչ արտադրություն, այսինք նաև՝ պակաս իրացում: Այսինքն արտադրության ծախքերն այսուհետ կբաշխվեն ավելի փոքր քանակների մեջ, ինչը միավոր արտադրանքի գինը կբարձրացնի: Սա՝ մակերեսային նկարագրությունն է, իսկ իրականում արտահանման տուժելու սոցիալ-տնտեսական սցենարները շատ ավելի խորքային են: