Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկրամարտի 302 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:
Պոկում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 130 կգ-ով և հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 135 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 137 կգ: Այս վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 160 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրեց՝ 165 կգ: Երրորդ մոտեցման համար Մելիք Ղուկասյանը պատվիրեց 170 կգ, բայց երիտասարդ ծանրորդը չկարողացավ հրել: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:
Երկամարտում ոսկե մեդալակիր դարձավ Թաիլանդի ներկայացուցիչ Ուիրաֆոն Ուիչուման (311 կգ), արծաթե մեդալակիր՝ թուրք Յուսուֆ Գենցը (307 կգ):
Գոռ Սահակյանին պարգևատրեց միջազգային կարգի մրցավար, ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին՝ Արայիկ Ալավերդյանը:
Պարգևատրման արարողության ժամանակ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը սխալմամբ երկամարտի ոսկե մեդալը կախեց թուրք ծանրորդի պարանոցից: Ավելի ուշ երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոնը նկատեց, որ իրեն սխալ մեդալով են պարգևատրում:
Երիտասարդական առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր է դարձել 55 քաշային Գառնիկ Չալոյանը: Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 240 կգ արդյունք (108+132)՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Հայաստանը կներկայացնեն նաև Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):