Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Corriere della Sera-ի իտալական հրատարակությանը տված հարցազրույցում սխալ է փոխանցել իր զրույցը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, որը տեղի է ունեցել մարտի 16-ին: Այս մասին ասվում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության (ՄՏՀՎ) կապի ծառայության պաշտոնական պարզաբանման մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ցավալի է, որ պատրիարք Կիրիլի հետ զրույցից մեկուկես ամիս անց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սխալ տոնայնություն ընտրեց այս զրույցի բովանդակությունը փոխանցելու համար։ Հազիվ թե նման հայտարարությունները նպաստեն Հռոմի կաթոլիկ և ռուս ուղղափառ եկեղեցիների միջև կառուցողական երկխոսության հաստատմանը, ինչը հատկապես անհրաժեշտ է ներկա պահին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պատրիարքը պոնտիֆիկոսի հետ զրույցում կանգ է առել որոշ փաստերի վրա, որոնց մասին արևմտյան լրատվամիջոցները չեն խոսել կամ գործնականում չեն խոսել: Ռուսական եկեղեցու առաջնորդը, մասնավորապես, ասել է, որ հակամարտությունը սկսվել է 2014 թվականին Կիևի Մայդանում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են ուկրաինական իշխանության փոփոխությանը։ Պատրիարք Կիրիլը հատուկ ուշադրություն է դարձրել 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի արհմիությունների տանը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, երբ նացիստական խմբավորումների գործողությունների պատճառով զոհվեցին մեծ թվով խաղաղ ռուսալեզու քաղաքացիներ։
«Այնուհետև, պատրիարք Կիրիլը հիշեցրել է, որ խորհրդային ժամանակաշրջանի վերջում Ռուսաստանը երաշխիքներ է ստացել, որ ՆԱՏՕ-ն ոչ մի թիզ չի շարժվի դեպի արևելք: Սակայն այս խոստումը դրժվեց, նույնիսկ նախկին խորհրդային մերձբալթյան հանրապետությունները միացան ՆԱՏՕ-ին։ Արդյունքում ստեղծվել է ամենավտանգավոր իրավիճակը. ՆԱՏՕ-ի սահմանները Սանկտ Պետերբուրգից 130 կմ հեռավորության վրա են, հրթիռների թռիչքի ժամանակը ընդամենը մի քանի րոպե է։ Եթե Ուկրաինան մտներ ՆԱՏՕ-ի կազմ, ապա դեպի Մոսկվա թռիչքի ժամանակը նույնպես մի քանի րոպե կլիներ։ Ռուսաստանը չէր կարող և չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- նշվում է Մոսկվայի պատրիարքարանի տարածած հայտարարությունում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը Corriere della Sera-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է, որ պատրիարք Կիրիլը Zoom-ի իրենց հաղորդակցության առաջին 20 րոպեներին «թուղթը ձեռքին կարդացել է» իր համար Ուկրաինայում պատերազմ սկսելու բոլոր հիմնավորումները։ Պոնտիֆիկոսի խոսքով՝ նա պատասխանել է, որ հոգևոր առաջնորդները «քաղաքացիական ծառայողներ չեն», և նրանք «չեն կարող օգտագործել պատերազմի լեզուն»։