Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոստովանել է, որ ընդհանուր եվրոպական տուն կառուցելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին նա հայտարարել է Բուխարեստում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է մեկօրյա աշխատանքային այցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս սատարում էինք 1980-ականներին Միխայիլ Գորբաչովի` ընդհանուր եվրոպական տուն կառուցելու մասին մեծ հայեցակարգին: Սակայն այսօր պետք է փաստենք, որ այդ ջանքերը ձախողվեցին: Սա չի նշանակում, որ այդ շինարարությանը մասնակցելու փորձերը սխալ էին»,- ասել է նա:
«Քաղաքական աջակցությունը, որը ես տվել եմ նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարին, սխալ էր, սխալ գնահատական»,-ասել է Շտայնմայերը։
Գերմանիայի նախագահը խոսել է նաև Ուկրաինա իր չկատարած այցի մասին։
«Այցը Կիև ոչ միայն ծրագրված էր, այլև նախապատրաստված։ Ես ցանկանում էի գնալ Կիև Լեհաստանի նախագահ [Անջեյ Դուդայի] և Բալթյան երկրների նախագահների հետ միասին՝ արտահայտելու ընդհանուր եվրոպական համերաշխություն: Ես գիտեի, որ դա անցանկալի է, բայց չնայած դրան, մենք՝ գերմանացիներս, սրտանց աջակցում ենք Ուկրաինային, և Գերմանիան այն երկրներից է, որն Ուկրաինային ամենամեծ ֆինանսական, տնտեսական և ռազմական աջակցությունն է ցուցաբերում», - ընդգծել է Գերմանիայի նախագահը։