Ռուսաստանը շահագրգռված է լավ և կառուցողական հարաբերություններ պահպանել բոլոր պետությունների, բայց առաջին հերթին հարևան երկրների հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հինգշաբթի օրը հրապարակվել է «Ռոսիյսկայա գազետա»-ում՝ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես միջազգային հանրության ցանկացած պատասխանատու անդամ, Ռուսաստանը շահագրգռված է բարեկեցիկ արտաքին միջավայրով՝ պահպանելով բարիդրացիություն և կառուցողական փոխգործակցություն բոլոր, բայց առաջին հերթին՝ սահմանակից և հարևան պետությունների հետ։ Այս առումով մենք չենք կարող չուրախանալ, որ ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենք Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ, դաշինք՝ մեծամասնության հետ»,- նշել է նախարարը։
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Մոսկվան միջոցառումների հարուստ ծրագիր է իրականացնում Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ «Վերջին տարիների ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել: Համատեղ աշխատանքում մենք միշտ հենվել ենք մեր ժողովուրդներին միավորող պատմական բարեկամական կապերի, փոխադարձ աջակցության, վստահության և հարգանքի հարուստ ավանդույթների վրա»,- հավելել է նա: