ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակմանը,որում նա նշել է, թե Փաշինյանի փոխարեն ով էլ լինի իշխանության, «ընդունելու է այն զիջումները, որոնք փաթաթվել են Հայաստանի վզին», փոխանցում է Aysor.am-ը:
«Հարգելի՛ պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև1997 և 98 թվականներին։ Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, «Սերգո՛ ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, և Հայաստանն ու Արցախը զարգացան՝ չզիջելով։ Բայց երբ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողներն ու հոգեզավակները, ովքեր այդ «գծի» մեջ էին, թե պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ այսօրվա իշխանությունը պետք է հեռանա, որ կարողանանք Հայաստանն ու Արցախը փրկել։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հետ մի սեղանի շուրջ նստելու և իրավիճակից ելքեր գտնելու առաջարկին, որը հնչեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Պարո՛ն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք։ Մենք նրա հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում, րոպե առաջ հեռացում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։