Ֆինլանդիան չի բացառում, որ ՆԱՏՕ-ի կազմ իր հնարավոր մուտքը հետևանքներ կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն միևնույն ժամանակ ՌԴ-ի կողմից հարձակում չի ակնկալում։ Այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Տիտտի Տուպուրայնենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ռազմական հարձակում չենք ակնկալում, բայց ինչ-որ արձագանք ակնկալում ենք: Պատրաստ ենք բոլոր իրավիճակներին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Իհարկե, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ արժանապատիվ պահելը բխում է նաև Ռուսաստանի շահերից»,- ասել է նա։
Տուպուրայնենը նշել է, որ Հելսինկիում անընդհատ տեղեկատվություններ են ստանում, որ Ռուսաստանը չափազանց դժգոհ է լինելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուց։ Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան իրավունք ունի ինքնուրույն ընտրություն կատարել, և եթե նա որոշի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, «դա չի անի ընդդեմ ինչ-որ մեկի»։