ԱՄՆ-ն կիրակի պատժամիջոցներ է սահմանել երեք ռուսական հեռուստաալիքի դեմ, արգելել է ամերիկացիներին հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ռուսներին, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» ղեկավարների դեմ, հաղորդում է Reuters-ը:
«Դա լիակատար արգելափակում չէ: Մենք չենք սառեցնում «Գազպրոմբանկի» ակտիվները և չենք արգելում նրանց հետ գործարքներ անել: Մենք ահազանգում ենք, որ «Գազպրոմբանկն» անվտանգ կառույց չէ, այդ իսկ պատճառով պատժամիջոցներ ենք սահմանում թոփ-մենեջերներից մի քանիսի դեմ, որպեսզի սառեցնող ազդեցություն ստեղծենք»,- լրագրողներին ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ G7 երկրները պարտավորվել են «աստիճանաբար դադարեցնել կամ արգելել ռուսական նավթի ներկրումը» և աշխատելու են միասին, որպեսզի «ապահովեն էներգետիկ ռեսուրսի կայուն մատակարարումները»:
Բացի այդ, ԱՄՆ-ն շուրջ 2600 վիզային սահմանափակում է սահմանել ռուսական և բելառուսական պաշտոնական անձանց դեմ՝ ի պատասխան նրանց «մշտական ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելուն»: