Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը մայիսի 10-ին հեռախոսով բանակցություններ կվարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ ՌԴ-ից նավթի մատակարարումների բռնարգելքի հարցով համաձայնության գալու համար: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեման Բոնը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հանրապետության նախագահն այսօր հեռախոսային բանակցություններ կվարի Վիկտոր Օրբանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրամիության այլ ղեկավարների հետ՝ ստեղծված իրավիճակի լուծում գտնելու համար»,- ասել է Բոնը: Նա հիշեցրել է, որ այս պահին ԵՄ-ի որևիցե որոշում ընդունելու համար անհրաժեշտ է Միության բոլոր 27 երկրների համաձայնությունը: Ֆրանսիան շրջափոխման սկզբունքով այս կիսամյակում նախագահում է Եվրամիությունում: Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարի խոսքով, նա սպասում է, որ «(ՌԴ-ի նկատմամբ) պատժամիջոցների վեցերորդ փաթեթը մոտ օրերս կհամաձայնեցվի»: Բոնը խոստովանել է, որ «ռուսական նավթից հրաժարումն զգալի կլինի մի շարք երկրների համար դրա մատակարարումներից նրանց խիստ կախվածության պատճառով»:
«Այդ առնչությամբ մենք փնտրում ենք այլընտրական մատակարարների՝ այդ երկրներին օգնելու նպատակով»,- ասել է նա: Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին, որի մեջ մտնում է ռուսական նավթի մատակարարումների բռնարգլեքի սահմանումը: Նրա խոսքով՝ ԵՀ-ն հանդես է գալիս Ռուսաստանից անմշակ նավթի ներկրման արգելքի օգտին կես տարի հետո և նավթամթերքների ներկրման արգելքի օգտին՝ 2023 թվականին: Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է Հունգարիային և Սլովակիային թույլատրել ռուսական նավթ գնել մինչև 2024 թվականի վերջը: