Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի կոչ է արել զուսպ լավատեսություն պահպանել ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման հարցում, փոխանցում է NEWS.am-ը:
«Դա երկարատև գործընթաց է, և մենք դրական ելքի հույս ունենք։ Արդյո՞ք այն դրական ավարտ կունենա։ Հնարավոր է։ Բայց հաստա՞տ։ Ոչ։ Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին»,- ասել է Աքարը Habertürk հեռուստաալիքի հարցազրույցում։
Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ նախատեսվում է ակտիվացնել Անկարային F-16 կործանիչների մատակարարման հարցի առնչությամբ շփումները, և անհրաժեշտության դեպքում դրանց կարող են միանալ երկու երկրների նախագահներ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը։ Մինչ այդ Աքարը նաև տեղեկացրել էր, որ թուրքական կողմը կործանիչների վաճառքի վերաբերյալ նամակ է գրել ԱՄՆ պետդեպարտամենտ, որն այնուհետև ուղարկվել է Կոնգրես։ Պետդեպարտամենտի նամակում նշվել էր, որ Թուրքիային կործանիչների վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։
Թուրքիան ԱՄՆ-ից 40 F-16 Block 70 կործանիչ և Block 70-երի արդիականացման 80 լրակազմ է խնդրել իր ՌՕՈւ-ի սպառազինությունում առկա ինքնաթիռների համար։ F-16-եր ձեռք բերելու ցանկության մասին Անկարայում հայտարարել էին այն բանից հետ, որբ երկիրը հանվել էր հինգերորդ սենդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հետ կապված։
Ընթացիկ տարվա մարտին Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել F-16-երի հարցի շուրջ։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը, դրանք դրական հունով են ընթացել։