Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոն արտահերթ նիստ է անցկացրել, որից հետո ընդունվել է բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է փակել ԱՀԿ Մոսկվայի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գրասենյակը։ Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի հրապարակվել է կազմակերպության եվրոպական մասնաճյուղի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթուղթը կոչ է անում տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեին «դիտարկել Ռուսաստանի Դաշնությունում բոլոր տարածաշրջանային հանդիպումները ժամանակավորապես դադարեցնելու հարցը»:
Նախագիծը նաև առաջարկում է ուսումնասիրել ԱՀԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական գրասենյակի տեխնիկական համագործակցության և աջակցության տարբերակները, «ներառյալ վերը նշված գրասենյակը [Մոսկվայում] Ռուսաստանի Դաշնությունից դուրս տեղափոխելու հնարավորությունը»:
Բանաձևի նախագիծն առաջարկվել է ԱՀԿ անդամ 38 երկրների կողմից, որոնց աջակցել են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Իսրայելը և Թուրքիան, ինչպես նաև ԵՄ երկրները։ Դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Բելառուսը և Տաջիկստանը, իսկ Հայաստանն ու Ղազախստանը ձեռնպահ են մնացել։