ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին: Հանդիպումը հեռարձակվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57։ Այժմ օրինագիծը կանցնի Սենատի քննարկմանը: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկություն: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի, որպեսզի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենիը ստորագրի։
Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար։ Մասնավորապես, 6 միլիարդ դոլար պետք է ուղղվի զենքի և անվտանգության ապահովմանը, 8,7 միլիարդ դոլար՝ տնտեսական օգնության և հանրային ծառայությունների աշխատանքի ֆինանսավորմանը, 5 միլիարդ դոլար՝ պարենային օգնությանը Ուկրաինային և աշխարհի այլ երկրներին, 900 միլիոն դոլար նախատեսված է աջակցել ուկրաինացի փախստականներին, բացի այդ, 3,9 մլրդ դոլար կհատկացվի Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացման համար։
Սպիտակ տունը ողջունել է Ներկայացուցիչների պալատի նախաձեռնության հաստատումը։ «Լրացուցիչ ռեսուրսները, որոնք ներառված են այս օրինագծում, թույլ կտան մեզ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա, օրինակ՝ հրետանի և զրահատեխնիկա, ինչպես նաև զինամթերք: Դրանք նաև կօգնեն մեզ համալրել մեր զինանոցը և աջակցել ԱՄՆ-ի զորքերին [այլ] ՆԱՏՕ-ի երկրների տարածքում»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի տարածած հայտարարության մեջ։