«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետևանքով, որն ստացել է Հորդանան գետի Արևմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում էր մերձավորարևելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
Վիրավորվել է ևս մեկ լրագրող. նա գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է կայուն: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին, հաղորդել է, որ լրագրողուհուն կրակել են իսրայելական ուժերը՝ Ջենին քաղաքի շրջանում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը և նրա գործընկերները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին՝ նշելով նրա «պրոֆեսիոնալիզմն ու տոկունությունը»: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռան Կոհավն իսրայելական «Կան» ռադիոկայանին հայտարարել է, որ չի կարծում, թե իսրայելական ուժերն են գնդակահարել Աբու Ակլեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: