Ուկրաինայում խաղաղություն կամ համընդհանուր զինադադար կնքելու հնարավորությունն այս պահին տեսանելի չէ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին Ուկրաինայում խաղաղություն կամ ընդհանուր զինադադար կնքելու հնարավորություն չկա»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք նա կարողացե՞լ է հասկանալ Ռուսաստանի նպատակները ապրիլի 26-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Գուտերեշը պատասխանել է. «Ես բյուրեղյա գնդակ չունեմ, որպեսզի խոսեմ այդ նպատակների մասին»:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հումանիտար օգնության տրամադրման, Ուկրաինայի մարտական գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման վրա։ Գուտերեշն անդրադարձել է նաև պարենային անվտանգության թեմային։
«Ռուսաստանի և Ուկրաինայի գյուղատնտեսական ապրանքները պետք է վերադառնան համաշխարհային շուկաներ»,- ասել է նա։