Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ հետախուզական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերիկ Իզտլեուովի գլխավորությամբ, հայտնում է NEWS.am:
Ինչպես տեղեկացրել է Turan-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, Հասանովը պատմել է ադրբեջանական բանակի բարեփոխումների մասին՝ նկատի ունենալով ղարաբաղյան երկրորդ պատերազմի մարտական փորձն ու Թուրքիայի զինված ուժերի մոդելները։
Սերիկ Իզտլեուովն, իր հերթին, նշել է փոխայցելությունների և ռազմական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հանդիպման ժամանակ հատկապես ընդգծվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ երկու երկրների զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։