Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլոբալ հետեւանքների, այդ թվում՝ մի շարք պետություններում հնարավոր սովի մեղքը կրում են արեւմտյան երկրները, որոնք պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհը՝ հանուն իրենց գերակայության։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մի շարք պետություններ արդեն իսկ կանգնած են սովի վտանգի առաջ, և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շարունակման դեպքում ԵՄ-ի համար անլուծելի հետևանքներ կարող են առաջանալ։
«Դրա մեղքն ամբողջությամբ ընկնում է արևմտյան երկրների վերնախավերի վրա, որոնք պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհն՝ իրենց գլոբալ գերիշխանությունը պահպանելու համար»,- հայտարարել է Պուտինը։
Պուտինի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ «պատժամիջոցների մոլուցքի» քաղաքականության շարունակությունը Եվրամիության քաղաքացիներին և աշխարհի ամենաաղքատ երկրներին կկանգնեցնի ամենաբարդ և անշրջելի հետևանքների առջև: