Ֆինլանդիան ներկայումս չի տեսնում ուղիղ ռազմական սպառնալիքներ Ռուսաստանից։ Այդ մասին հինգշաբթի CNN-ին հայտնել է ՆԱՏՕ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Կլաուս Կորհոնենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ երկրի պոտենցիալ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինք կարող է դառնալ «անվտանգության միջավայրի շատ կտրուկ փոփոխության» արդյունք, սակայն ներկայումս ռուսական կողմից «ուղիղ ռազմական սպառնալիքներ» կամ «ոչ ստանդարտ գործունեություն» չկան։ Միևնույն ժամանակ, նշել է դիվանագետը, Հելսինկին ակնկալում է, որ Մոսկվան կարող է իբր կազմակերպել կիբերհարձակումներ և «ապատեղեկատվական արշավներ»։
Խոսելով միջուկային հակամարտության ռիսկերի մասին՝ Կորհոնենն ընդգծել է, որ դրանք ներկայումս նվազագույն են։ «Մենք շատ հեռու ենք միջուկային ցանկացած իրավիճակից»,- ասել է նա։