Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում շեշտը դրվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Վլադիմիր Պուտինը մանրամասն ուրվագծել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական գործողության տրամաբանությունն ու հիմնական խնդիրները, խոսել է խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նշվել է նաև, որ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ տարհանվել են խաղաղ բնակիչներ, որոնց Ուկրաինայի ուժայինները պահել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում»,- հայտնել են Կրեմլից։
Պուտինը նաև Շոլցի ուշադրությունը հրավիրել է «նացիստական գաղափարախոսություն դավանող գրոհայինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական կոպիտ խախտումների, նրանց կողմից անմարդկային ահաբեկչական մեթոդների կիրառման վրա»: