Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կշարունակի մնալ ազատության մեջ:
Տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օրինական շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այս պահին պաշտոնական որևէ տեղեկատվություն չունեն, իմացել են ԶԼՄ-ներից։
Նա դժվարացավ ասել, թե ինչի հիման վրա է դատարանը կալանքի միջնորդությունը մերժել. «Այնուամենայնիվ, ի սկզբանե անձին չկալանավորելը, ի սկզբանե փախուստի համար մեղադրանք չառաջադրելը, 15 օր հետո կատարված գործողությունները հավանաբար նպաստել են նրան, որ դատարանը հենց այդպիսի հիմքով էլ կարող է ազատ արձակած լինել։ Ես ինքս բովանդակության մասին որևէ տեղեկություն չունեմ»։
Րաֆֆի Ասլանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ տուժող կողմը հետևողական է լինելու քրեական գործին, որպեսզի մինչև վերջ ընթացք ստանա։