ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 10-ին մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի հերթական աշխատանքային հանդիպմանը, որն անցկացվել է հեռավար: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների համագործակցության հեռանկարներին և գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Քեթևան Կվինիկաձեն, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Թամարա Գեորգիտան, Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Շտուչնին, ինչպես նաև խորհրդարանների այլ և Գերմանական միջազգային համագործակցության ծրագրի (GIZ) տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Վահան Նարիբեկյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև աշխատակազմի սահմանած առաջնահերթությունները, մարտահրավերները և կարևորել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես, տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և իր ռեսուրսների շրջանակում կաջակցի անդամ պետությունների միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը և զարգացմանը:
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցը ստեղծվել է 2018 թ. Թբիլիսիի հուշագրով: Ցանցի նպատակն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացումն ու մարդկային ռեսուրսի հզորացումն է: 2019-2020 թթ. Հայաստանի Հանրապետությունը ստանձնել էր Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի նախագահությունը: