Լիբանանում մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին տեղի հայկական քաղաքական կուսակցությունները ևս մասնակցում են՝ իրենց թեկնածուներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Շահան Գանտահարյանը նկատեց, որ բարդ, խճճված մոտեցում է, ինչը ժողովրդավարական առումով այդքան էլ ճիշտ չի ապահովում ժողովրդի ներկայությունը:
«Ընտրություններն անցկացվում են երկրի համար ծանր ֆինանսական, տնտեսական վիճակում: Սկզբնական շրջանում սպասումներն այնպիսին էին, որ քաղաքացիների մասնակցության տոկոսը բարձր չի լինելու: Թեպետ, ընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ նկատում ենք հասարակության շրջանում հետաքրքրության աճ: Կան դիտարկումներ, որ հնարավոր է, ամեն դեպքում, ակտիվ մասնակցություն լինի»,-ասաց Շահան Գանտահարյանը: