ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված փաստաթղթերը չեն հաստատում Վաշինգտոնի մասնակցությամբ Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության մեղադրանքները։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը` ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, որը նախաձեռնել էր ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների թեմայով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան տարօրինակ պնդումներ լսեցինք թունավորված թղթադրամների, հոգեբուժական հիվանդների վրա գաղտնի փորձարկումների, չբացահայտման հետ կապված պարտավորությունների մասին, կարծես թե, ռուսական պատվիրակության թեզերը վերցված են վատ լրտեսական վեպից»,- ասել է նա։
«Նույնիսկ Մոսկվայի կողմից շրջանառվող փաստաթղթերը չեն հաստատում մեղադրանքները»,- հավելել է Միլսը։